1914 թվականին Ղոշղոթանը ունեցել է 1800 բնակիչ, բայց երկար ժամանակ չի ունեցել իր ազգային դպրոցը։ Գյուղում ծխական դպրոցը բացվել է 1908 թվականին։ <<Նոր դպրոց>> ամսագիրը հրատարակել է նոր բացված այն դպրոցների ցուցակը, որոնք նպաստ են ստացել Կովկասյան Հայոց Բարեգործական Ընկերությունից (ԿՀԲԸ) և Վրաստանի ու Իմերեթիայի թեմի կողմից։ Դրանց թվում է նաև Ղոշղոթան գյուղի դպրոցը, որը չի երևում հետագա տարիների փաստաթղթերում։ Հնարավոր է այն փակվել կամ վեր է ածվել պետական դպրոցի, քանի որ բարեգործական ընկերությունը 1909 թվականին նրան այլևս նպաստ չի տվել։ Այն նշված չէ նաև հետագա տարիներին բարեգործությունից նպաստ ստացող դպրոցների ցուցակում։ Գյուղում դպրոցական պարապմունքները տեղի են ունեցել Ալոանց, Մատնանց, Ուսեփանց, Ծատնանց, Ալեքսոնց, Մալեմազանց տներում։ Վերը նշված գյուղացիները իրենց ունեցած 2 սենյակից մեկը տրամադրել են դպրոցին։ Գյուղում մինչև խորհրդային կարգերի հաստատումը, ուսուցիչներ են աշխատել քահանա Սարգիս Տեր-Գևորգյանի տղան՝ Տիրայր Գևորգյանը և Արտեմ Տերնակալյանի դուստրը՝ Հռիփսիմեն։ Ուսուցչի աշխատավարձը մեկ ուսումնական տարվա համար եղել է 5 ռուբլի՝ յուրաքանչյուր աշակերտի համար։ Ծնողները ուսուցչին վճարում էին հիմնականում բնամթերքով։ Առաջին աշակերտները եղել են՝ 1․Ալեքսանյան Շահո Վարդանի, 2․Եգանյան Գրիշա Եգորի, 3․Մարգարյան Գրիշա Հարությունի, 4․Մարկոսյան Հմայակ Ավետիքի։
Տեսնել ավելին