Ոսկեվանի Սուրբ Գայանե եկեղեցի

Գյուղի ամենահին և միակ կառույցը եղել է Սուրբ Հովհաննես եկեղեցին, որին գյուղացիները ժամ էին անվանում։ Թե երբ է կառուցվել եկեղեցին, ստույգ հայտնի չէ, հավանական է որ այն կառուցվել է 18-րդ դարի սկզբներին, որը նույնպես կրել է Սուրբ Հովհաննես անունը և մինչև 1841թ. գործելիս է եղել։ Նախկին եկեղեցին փլված է եղել և օգտագործման ոչ պիտանի։ 1901-1903թթ. Տեր-Դանիել Հովհաննիսյանի նախաձեռնությամբ այդ նույն եկեղեցու տեղը ժողովրդի միջոցներով կառուցվել է նույն անունը կրող Սուրբ Հովհաննես եկեղեցին։ Եկեղեցին կառուցել են հույն վարպետները։ Գյուղից շինարարական աշխատանքներին մասնակցել են Մովսես Մարտիրոսի Խաչիկյանը և Մատնանց (Ղազարանց) Մացակը։ Շինարարական աշխատանքները ավարտվել են 1903թ. և շահագործել նույն թվին։ Եկեղեցու առաջին քահանան եղել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանն ավարտած Տեր-Դանիել Տեր-Մկրտչի Տեր-Հովհաննիսյանը, որին հաջորդել է Տեր-Սարգիս Տեր-Գևորգյանը։ Եկեղեցին ժողովրդին ծառայել է մինչև 1925թ.։ 1937թ. եկեղեցու զանգակատունը քանդել և քարը օգտագործել են Լենինի արձանի պատվանդանը պատելու համար։ Եկեղեցին օգտագործվել է որպես կոլտնտեսության պահեստ և Ղոշխոթանի ենթաշրջանի գյուղերի ծխախոտի հումքի մթերման կետ մինչև 1965թ., որից հետո մինչև 1975թ. կինոցուցադրումների դահլիճ։ Ուղիղ 100 տարի հետո 2003թ., եկեղեցին հիմնովին վերակառուցվել է մոսկվայաբնակ ոսկեվանցի, բժշկական զինվորական ծառայության գնդապետ Սուրեն Սարգսի Բաբաջանյանի փեսայի և աղջկա Արթուր և Գայանե Բագրյանների միջոցներով։ Մեծ բարերարը եկեղեցու կառուցման համար վարպետներ հրավիրեց Երևանից, Սիսիանից, Գորիսից։ Շինարարական աշխատանքները ղեկավարել են Սեյրան Փաշոյի Ալեքսանյանը, Արարատ Գեղամի Ղազարյանը և Անաստաս Հմայակի Գրիգորյանը մինչև շինարարական աշխատանքներ ավարտը։ 2003թ. դեկտեմբեր 4-ին մեծ հանդիսավորությամբ կատարվեց եկեղեցու վերաբացումը։ Օծումը կատարեց Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, որը եկեղեցու օծումը կատարելուց հետո այն վերանվանեց Սուրբ Գայանե։ Բացմանը ներկա էին բազմաթիվ հոգևորականներ, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, մարզպետարանի ներկայացուցիչներ, հարևան գյուղերի գյուղապետեր, կրթության և մշակույթի բնագավառի բազմաթիվ աշխատողներ, գյուղացիներ, գյուղից դուրս բնակվող գրեթե բոլոր ոսկեվանցիները։ Վերջում կատարվեց մատաղի արարողություն։ Բագրյաններ միջոցով եկեղեցու հարևանությամբ գտնվող արդյունաբերական և մթերային խանութըի շենքը գնվեց և վերակառուցվեց որպես հունահռոմեական ոճի ըմբշամարտի մարզադպրոց, որն ապահովվեց մարզագույքով։ Ոսկեվանից և Բաղանիսից շուրջ 70 երեխաներ իրենց մարզումներն սկսեցին նորակառույց մարզադպրոցում։ Մարզումները կատարում էր վաստակաշատ մարզիչ Աբրահամ Մխիթարյանը։ Մարզադպրոցի սաներից շատերը շատ կարճ ժամանակամիջոցում աչքի ընկան և առաջնակարգ տեղեր գրավեցին մարզային և հանրապետական մրցումներում։

Նյութը՝ Երվանդ Սաֆարյանի <<ՈՍԿԵՎԱՆ>> գրքից

 

 

Նյութը տեղադրեց՝ Աշոտ Արմանի Սաֆարյանը

Հովհաննես Սարգսյան

Աշոտ Սաֆարյան

Կարինե Ալեքսանյան

Սահմանին ապրող երիտասարդը

Տյառնընդառաջը Ոսկեվանում